ՏԱՐԱԶՆԵՐ

Սասունի տարազ, հայկական ազգային տարազի ինքնատիպ նմուշ, որի փոփոխակներն են հանդիսանում Մոկսի, Շատախի, Հայոց ձորի, մասամբ նաև Բաղեշի և Վասպուրականի հարավային շրջանների լեռնային գյուղերի տարազը։ Սասունցիների տարազը արտացոլում էր իրենց կենցաղի և մտածելակերպի պատկերը։ Այն իրենց ապրուստի պես պարզ էր և հասարակ։ Ոմանք կարծել են, թե վերոհիշյալ տարազը քրդական է, բայց ուսումնասիրելով պատմական փաստերը, եզրահանգում ենք դրա ոչ իարավացիությանը։

Վասպուրականի տարազ, հայկական ազգային տարազի բաղկացուցիչ մասերից է, որն աշխարհագրական առումով ընդգրկում է Շատախը, Վանա լճի շրջակայքը, Մանազկերտը, Սասունը։ Այս տարազախմբում իշխող գույնը կարմիրն է։ Վասպուրականի տարազը հայկական բոլոր նահանգների տարազային համալիրներիի մեջ թերևս ձեռարվեստով ամենահարուստ տեսակներից մեկն է։ Այստեղ ասեղնագործված են ոչ միայն կանացի այլև տղամարդկանց հագուստները։ Վասպուրականի հանդերձի ոչ միայն գոգնոց-մեզարներն են առատորեն պատված կարպետանախշ ասեղնագործությամբ, այլև զգեստի փեշերը ու հատկապես թևքերի եզրերը։

Բարձր Հայքի տարազ, հայկական ազգային հագուստի տարատեսակ, որը տարածված է եղել ինչպես Բարձր Հայքի նահանգներում, այնպես էլ Կարսում, Արդվինում, Ախալցխայում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում և այլուր։ Այս տարազն աչքի է ընկնում իր ազգային ինքնատիպությամբ, շքեղությամբ, կտորի տեսակի, գույների համադրության յուրօրինակությամբ։ Այստեղ ամենօրյա և տոնական կամ հարսանեկան տարազը ուներ միատեսակ ձևվածք. Դրանց տարբերությունը կտորի տեսակի և շքեղ կամ սովորական զարդարանքի մեջ էր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *